ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Գյումրու մի շարք մարզադպրոցներ՝ ծանոթանալու մարզական ենթակառուցվածքներին և ընթացիկ ծրագրերին։ Այցի ընթացքում նախարարն այցելել է նաև ծանրամարտի մարզաբազաներ և ներկա գտնվել Հայաստանի կանանց հավաքականի մարզմանը։

Նախարարին ուղեկցել է նաև Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը, որը ներկայացրել է ֆեդերացիայի կողմից իրականացվող զարգացման ծրագրերը։ Մասնավորապես ընդգծվել է, որ 2025 թվականին ֆեդերացիայի 2025–2029 թթ․ ռազմավարական ծրագրի շրջանակում, դրամական խրախուսմամբ պարգևատրվել են երեք լավագույն մարզադպրոցները (Գյումրու «Մարզական բարձրագույն վարպետության մարզադպրոց»-ն ու Գյումրու «Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջ»), մրցաշարերում արձանագրած բարձր արդյունքների համար։

Ծրագրի շրջանակում իրականացվել են նաև մարզական ենթակառուցվածքային բարելավումներ․

‼ Գյումրու մարզական վարպետության դպրոցում կատարվել են վերանորոգման աշխատանքներ, ամբողջությամբ վերափոխվել են մարզումային հարթակները և տեղադրվել է ռետինե հատակ,

‼ Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ծանրամարտի դահլիճում փոխարինվել են պատուհանները, ինչի արդյունքում կարգավորվել են դահլիճի ջերմաստիճանային պայմանները,

‼ Գյումրու Իսրայել Միլիտոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը համալրվել է նոր մարզագույքով՝ «Eleiko» ապրանքանիշի մարզագույքով, որոնք ֆեդերացիան ձեռք էր բերել 2023 թվականի Եվրոպայի առաջնության կազմակերպման նպատակով։

📌 Գլխավոր քարտուղարը նախարարին ներկայացրել է նաև Իսրայել Միլիտոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցում ծանրամարտի թանգարան հիմնադրելու գաղափարը՝ ընդգծելով, որ Հայաստանում առկա չէ սպորտային ուղղվածության միասնական թանգարան։ Նախաձեռնության նպատակն է Գյումրին՝ որպես մարզական հարուստ ավանդույթներ ունեցող քաղաք, դարձնել նաև որպես սպորտի պատմության և ժառանգության պահպանման կարևոր կենտրոն։

Այցը նպատակ ուներ գնահատել իրականացված աշխատանքները, ինչպես նաև քննարկել ոլորտի հետագա զարգացմանն ուղղված քայլերը։

Լուսանկարները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության